AM
16 Ապրիլ 2026 - 12:17 AMT

Քննարկվել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության ընդլայնումը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (Commercial Law Development Program, CLDP) գլխավոր իրավախորհրդատուի տեղակալ Զմարակ Խանը նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության ընդլայնումը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում:

Կողմերը կարևորել են մտավոր սեփականության նշանակությունը մրցունակ, նորարարական և գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում։ Նշվել է, որ այս ոլորտում գործակցությունը նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացին և տնտեսական կայուն աճին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրել է, որ ներկայում մշակվել է «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը», որի շրջանակում նախատեսվել են համապարփակ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության խորացման հետագա ուղղություններին, այդ թվում՝ կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, շահագրգիռ կառույցների միջև համակարգման ամրապնդմանը և միջազգային փորձի շարունակական փոխանակմանը։

Հանդիպումը կայացել է ԱՄՆ պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում, որի նպատակը եղել է երկկողմ համագործակցության զարգացումը և նոր ծրագրային ուղղությունների քննարկումը։