Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ ասամբլեայի նիստում ունեցած ելույթում խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության առաջընթացի մասին:
«Հարավային Կովկասը մտել է փոխակերպման փուլ։ Ադրբեջան–Հայաստան երկխոսության մեջ արձանագրված առաջընթացը ցույց է տալիս, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են կարգավորվել քաղաքական կամքի և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի պայմաններում։ Այս գործընթացում կարևոր դեր է ունեցել խորհրդարանական դիվանագիտությունը, որը նպաստել է վստահության ամրապնդմանը»,-ասել է նա:
Եզրափակելով՝ խոսնակը շեշտել է, որ միայն համատեղ գործողություններով է հնարավոր կառուցել ավելի խաղաղ և արդար աշխարհ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իրական հաշտեցման հասնելու համար Բաքվում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն: Նա նաև ասել է, որ ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ:





