AM
18 Ապրիլ 2026 - 09:05 AMT

Պարարտանյութերի գները կսուբսիդավորվեն մինչև 3000 դրամով․ Բյուջեից կհատկացվի 900 մլն դրամ

Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել գյուղացիների կողմից գնվող պարարտանյութերի արժեքը։ Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ազոտական պարարտանյութի գինը զգալիորեն աճել է՝ որոշ դեպքերում հասնելով մոտ 3000 դրամով ավելի բարձր մակարդակի, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով և ներմուծման հետ կապված խնդիրներով։

Պարարտանյութի հիմնական մատակարար երկրներն են Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը, հայտնում է Factor.am-ը:

Ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականի պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել մոտ 900 միլիոն դրամ։

Կառավարության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության վրա՝ բերքատվության նվազման և հողերի բերրիության անկման տեսանկյունից, եթե պարարտանյութերի կիրառումը կրճատվի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ մեկ շահառու կարող է օգտվել աջակցությունից առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Պետությունը սուբսիդավորելու է 50 կգ քաշով մեկ պարկ պարարտանյութի արժեքը՝ շուկայական գնից մինչև 3000 դրամի չափով, իսկ վաճառքի հիմք է ընդունվել 8000 դրամ շեմը։

Նշվել է, որ պարարտանյութերը վաճառվելու են միայն նախարարության կողմից հաստատված մատակարարների միջոցով, իսկ դրանց որակի համար պատասխանատվությունը կրելու է մատակարարը։ Բաշխման և հաշվառման գործընթացը իրականացվելու է համայնքային իշխանությունների միջոցով՝ համապատասխան փաստաթղթավորմամբ։

Կառավարության գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը պետք է նպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և հողերի արդյունավետ օգտագործմանը։