AM
18 Ապրիլ 2026 - 10:25 AMT

ՎԶԵԲ-ը $264.4 մլն դրամաշնորհ կտա ՀՀ-ին Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար

Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ-ն պատրաստվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրել դրամաշնորհային համաձայնագրեր, որոնց վերաբերյալ որոշումը արդեն հավանության է արժանացել կառավարության նիստում։

Որոշման մեջ արձանագրվել է, որ ծրագրի ֆինանսավորումը իրականացվելու է ՎԶԵԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին, իսկ ընդհանուր գումարը կազմելու է 264.4 մլն դոլար, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել մոտ 109,000 փախստականի համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։

Նշվել է նաև, որ ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանվել է փաստաթղթի ստորագրումից հետո 180-րդ օրը։

Երևանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու նպատակով արցախցիներն արդեն ստանում են ավելացված աջակցություն՝ նախկին 3 մլն դրամի փոխարեն 4 մլն դրամ։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այս պահին հավաստագիր ստացել է 4735 ընտանիք, որոնցից 2113-ն արդեն օգտվել է ծրագրից, իսկ պետական բյուջեից վճարվել է ավելի քան 4․2 մլրդ դրամ։