AM
20 Ապրիլ 2026 - 09:58 AMT

Ալիև. Առևտրային հարաբերութուններ են սկսվել Ադրբեջանի և ՀՀ միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ առևտրային հարաբերութուններ են սկսվել Ադրբեջանի և ՀՀ միջև:

Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հարավային Կովկասում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Նա հայտարարել է, որ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում «պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», հայտնում է Report.az-ը:

«Արդեն իսկ տեսնում ենք այդ խաղաղության որոշ արդյունքներ: Առևտրային հարաբերություններ են սկսվել ՀՀ և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը տարանցիկ հասանելիություն է տվել Հայաստանին: Իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են վստահության ամրապնդմանը»,-ասել է Ալիևը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։