Հայաստանում ոչնչացվել է «Nestle» ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի այն խմբաքանակը, որը ճանաչվել է վտանգավոր, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ոչնչացվել է մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,– ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից նշել են, որ իրականացված վերահսկողության արդյունքում ընդունվել է որոշում ամբողջ խմբաքանակը ոչնչացնել՝ սահմանված կարգով և անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ։
«Nestlé» ընկերությունը 2026 թվականի հունվարի 9-ին համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով հնարավոր աղտոտման ռիսկի հետ։





