AM
20 Ապրիլ 2026 - 12:54 AMT

Էլեկտրամոբիլների գույքահարկը նվազել է. Հաշվարկման նոր համակարգ է գործում

Ապրիլի 1-ից գործարկվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ նոր մեթոդաբանություն, որի արդյունքում նվազել է հարկային բեռը։

Վարորդները հարթակում արդեն կարող են տեսնել իրենց տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը՝ շարժիչի նվազեցված հզորությամբ, հայտնում է ՆԳ նախարարությունը:

Նշվում է, որ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։

Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։

Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․

Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝

  • մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի,
  • 251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է երկու մասով.առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։