ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն կբերի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հուսադրող միտումներ ենք արձանագրում՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հուսալի ճանապարհ է», – ասել է Մասադիկովը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





