AM
20 Ապրիլ 2026 - 14:24 AMT

Բաքուն բողոք է հայտնել Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ Արցախի վերաբերյալ բանաձևերի համար

Բաքուն ԱԳՆ է կանչել և բողոք է հայտնել Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններ իրենց երկրների խորհրդարանների կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ Ադրբեջանի՝ այդ փաստաթղթերը դիտարկվում են «որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլեր, ինչպես նաև որպես հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը խաթարելու փորձ», հայտնում է Haqqin.az-ը:

Խոսքը 2026-ի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդրանաներում ընդունված բանձևերի մասին:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի «այդ բանաձևերը հիմնված են կեղծ և անհիմն գնահատականների վրա՝ արտացոլելով Ադրբեջանի նկատմամբ խորքային կողմնակալ վերաբերմունքը»։

«Հանդիպումներում վճռականորեն մերժվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց իրավունքներին և նրանց, իբր, անօրինական ձերբակալությանը վերաբերող մեղադրանքները։ Դեսպաններին նաև տեղեկացվել է, որ այս փաստաթղթերի ընդունումը հատկապես պարադոքսալ է թվում, քանի որ այն համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների՝ վերջերս կայացած հանդիպման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կոչ է արել վերոնշյալ երկրների դեսպաններին քայլեր ձեռնարկել՝ «կանխելու իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական նախաձեռնությունները»:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։Փաստաթուղթը նաև կոչ է անում ստեղծել միջազգային մեխանիզմ, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ին զբաղեցրած դիրքեր, ինչպես նաև լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։