Արցախից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում նախատեսվել են մի շարք փոփոխություններ՝ նախատեսվել են լրացուցիչ լուծումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով նոր կարգավորումները։
Նա նշել է, որ տրվում է դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություն, տարածքում վերակառուցման, հողամասում նոր շենք-շինության կառուցման հնարավորություն:
«Միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել նախկինում բնակմակերես ունենալու հանգամանքը կադաստրային փաստաթղթերով ապացուցել, այսինքն՝ նորից հնարավորություն ենք տալու օգտվել հավաստագրերից: Նաև հնարավորություն կտանք հավանաբար տրված հավաստագրերի վերամիավորման կամ միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա, և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել այս հավաստագրի հետ, և հնարավորություն կունենան բնակարանային հարց լուծելու»,- ասել է նա։
Թորոսյանը հայտնել է, որ մինչ այժմ տրամադրվել է մոտ 5700 հավաստագիր, որոնցից մոտ 2600-ն արդեն իրացվել է։
Նա հավելել է, որ շարունակում են ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների խնդիրները և դրանց հիման վրա կատարել փոփոխություններ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։





