Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի բազմակենտրոն զարգացման նախագիծ է մշակում, հայտարարել է կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:
Նա նշել է, որ իր ղեկավարած կառույցն աշխատում է մեծ ճակատով՝ սկսած փոքր տեղային խնդիրներից, որոնք ուղղակի ազդեցություն ունեն քաղաքացիների և կառուցապատողների վրա, վերջացրած մեծ ռազմավարական ծրագրերով, որոնք առնչվում են ապագայի քաղաքաշինական զարգացմանը, հայտնում է Արմենպրեսը:
Նա ընդգծել է, որ առաջնահերթություններից մեկը եղել է ոլորտի թվայնացումը, որը հնարավորություն է տվել քաղաքացիներին և կառուցապատողներին գործել ավելի կանխատեսելի և հարմարավետ միջավայրում։
«Նրանց համար պետք է հստակ լինի, թե երբ են ստանալու շինարարության թույլտվություն և ինչ ընթացակարգով։ Խաղի կանոնները պետք է լինեն առանց երկիմաստությունների, այնպես կարգավորված, որ տարընթերցումների տեղիք չտան, և կառուցապատողներն ու անհատական բնակելի տներ կառուցող քաղաքացիները կարճ ժամանակում ստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ թվայնացմանը զուգահեռ իրականացվել են նաև ընթացակարգերի պարզեցումներ և հստակեցումներ, որոնք շարունակական բնույթ են կրել։ Մասնավորապես՝ մինչև 300 քմ մակերեսով բնակելի տների կառուցման գործընթացը կարգավորվել է այնպես, որ հնարավոր է դարձել այն կիրառել նաև ավելի խոշոր նախագծերի դեպքում։
Վարդանյանը նշել է, որ Հայաստանի բազմակենտրոն զարգացման գաղափարը հիմնական նպատակներից մեկն է։
«Սա մեր գլխավոր նպատակներից մեկն է, որի իրականացման համար միայն Քաղաքաշինության կոմիտեի գործառույթները բավարար չեն, հետևաբար ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միջգերատեսչական սերտ աշխատանքի միջոցով, որպեսզի Երևանից հեռու գտնվող բնակավայրերն իրենց կենսունակությունն ապահովեն երկար տարիներ։ Մենք մի կողմից վատ, մյուս կողմից էլ լավ վիճակում ենք։ Օրինակ՝ եվրոպական զարգացած երկրներում տարբեր ճանապարհներ են փորձարկել՝ հեռավոր բնակավայրերը կենսունակ պահելու համար։ Տեղեր կան՝ սխալվել են, տեղեր կան՝ գտել են լավ լուծումներ»,- նշել է նա։
Նա հավելել է, որ ներկայում ուսումնասիրում են միջազգային փորձը՝ այն տեղայնացնելու և Հայաստանի պայմաններին համապատասխանեցնելու նպատակով՝ հաշվի առնելով տարածքային, ռելիեֆային և այլ առանձնահատկությունները։
«Ամփոփ փաստաթուղթը կլինի Հայաստանի տարաբնակեցման և տարածքների քաղաքաշինական կազմակերպման նախագիծը։ Մենք հաշվի ենք առել միջազգային փորձը։ Լիահույս ենք, որ նախագիծն առաջիկայում կհաստատվի Կառավարության որոշմամբ։ Կհայտարարվի միջազգային մրցույթ՝ ներգրավելով արտասահմանյան փորձագետների, որպեսզի մեծ վերլուծական աշխատանք պարունակող նախագիծը կյանքի կոչվի։ Նախագծում համադրվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, ջրային պաշարների առկայությունը, հողերի որակը, տուրիզմի զարգացման ներուժը, բնակլիմայական շերտերը։ Համադրման եղանակով հնարավոր է գտնել բնակավայրերի զարգացման հնարավոր լավագույն ճանապարհը»,- ասել է Վարդանյանը։





