AM
21 Ապրիլ 2026 - 06:27 AMT

ԱՄՆ սենատորները կոչ են արել Meta-ին ու Alphabet-ին աջակցել ՀՀ-ին ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում

ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը դիմել են Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ հատկացնել Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխման համար։

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», – նշել են երկու կուսակցությունները ներկայացնող սենատորներն իրենց նամակներում, հայտնում է «Ազատությունը»:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից մարդիկ» են խրախուսվում` սատարելու որոշակի քաղաքական կուսակցությունների: Հայաստանյան մի հարգված քաղաքացիական հասարակական կազմակերպություն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», նույնականացրել է Meta-ի հարթակների շուրջ հարյուր էջ, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակության քարոզչությամբ են զբաղված: Կազմակերպությունը նաև նշել է համակարգված ոչ իրական վարքագիծ, որը, ըստ հաղորդումների, ուղղորդվում է ռուսահայ օլիգարխի կողմից», – Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում գրել են հեղինակները:

Նրանք հավելել են, որ նշված անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, Թրամփի առաջին վարչակազմը Կոնգրեսին ներկայացրած զեկույցում բնութագրել է որպես «նշանակալի օտարերկրյա քաղաքական ֆիգուր [կամ] օլիգարխ Ռուսաստանյան Դաշնությունում՝ ըստ ռուսական ռեժիմի հետ մերձավորության»։

«Հուսով ենք, որ դուք վերստին կձեռնարկեք և կկիրառեք Մոլդովային արտաքին ոտնձգություններից իր ժողովրդավարությունը պաշտպանելու գործում աջակցելու ջանքերը, բայց այժմ՝ հայաստանյան համապատասխան կառույցների հետ», – նշել են սենատորներն իրենց նամակում՝ կրկին կոչ անելով ընկերություններին բավարար միջոցներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարն ուժեղացնելու համար։

Շահինը և Թիլիսը ընդգծել են, որ առաջիկա ընտրությունները կարևոր նշանակություն են ձեռք բերել երկրի ապագայի համար, քանի որ կարող են «որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում՝ TRIPP-ի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է»։

«Ոչ մի օտարերկրյա տերության չպետք է թույլ տալ ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա», – նշվել է ազդեցիկ ամերիկացի սենատորների նամակներում։

Երևանը Միությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Եվամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև աջակցություն՝ տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար: