Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգի ամբողջական իրականացումը կտևի նվազագույնը 7-8 տարի, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա պարզաբանել է, որ ծրագիրն ունի բազմակոմպոնենտ կառուցվածք և ներառում է մի շարք ուղղություններ, հայտնում է Aysor.am-ը:
«Խոսքն այն մասին է, որ բոլոր ծրագրերն իրականացնելուց հետո, բացի այն, որ հասանելիությունն ենք ապահովում, կանաչապատման մակարդակն ենք բարձրացնում, այն դառնում է հստակ պահպանական գոտի։ Այդ գեղեցիկ պատշգամբները, վերելակները, քայլուղիներն ունենալուց զատ, այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ՝ առանց առողջության համար որևէ վտանգի»,-ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության առանցքային նպատակը բնապահպանական բաղադրիչների պահպանումն է։
«Խոսքը նաև ջրի՝ էդ մաքրության մակարդակի հասնելու մասին է, ներառյալ՝ Երևանյան լճում»,-ասել է նա:
Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ, ճարտարապետական լուծումներ` սպորտային միջոցառումների հարթակներով, սրճարանի հատվածով և կինոդիտման վայրով։
Ավինյանն ավելի վաղ ասել էր․ «Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք»։





