Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆերիտ Խոջան կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել Հարավային Կովկասում ավելի բարձր մակարդակի կանխատեսելիության ապահովմանը։
Նա ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել գործընթացի ամրապնդմանն ուղղված ցանկացած վստահելի առաջընթաց, հայտնում է 1lurer.am-ն ադրբեջանական լրատվամիջոցի վրա հղումով:
Նրա խոսքով՝ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ ընդգրկելով էներգետիկայի, կապակցվածության և եվրոպական անվտանգության համար կարևոր ուղղությունները։
Խոջան ընդգծել է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական կամք, այլև հետևողական ջանքեր՝ ուղղված վստահության ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը, վեճերի կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





