AM
21 Ապրիլ 2026 - 13:15 AMT

Կասեցվել է «Սիլ-Մաազա»-ի որոշ ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, որի արդյունքում կասեցվել է «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի տանձի և թարխունի համով գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը։

Լաբորատոր փորձաքննությամբ նշված արտադրատեսակներում արձանագրվել է մանրէաբանական անհամապատասխանություն:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Սահմանվել է անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ։