AM
21 Ապրիլ 2026 - 14:28 AMT

Amnesty International․ Ադրբեջանը չի ապահովել ԼՂ հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապրիլի 21-ին հրապարակված տարեկան զեկույցում նշվել են Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը։ 2025-ի հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին տրամադրել տեղեկատվություն 23 հայ բանտարկյալների կալանքի և առողջական պայմանների վերաբերյալ, որոնցից ութը Լեռնային Ղարաբաղում նախկին պաշտոնյաներ են, հայտնում է Factor.am-ը:

Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակել են ճնշել այլախոհության տարբեր դրսևորումները, իսկ հարյուրավոր մարդիկ պահվում են կալանքի տակ՝ անհիմն և քաղաքական շարժառիթներով։

Ըստ զեկույցի՝ անկախ հասարակական կազմակերպություններն ու խմբերը բախվել են խիստ սահմանափակումների, իսկ խաղաղ բողոքի ցույցերը ճնշվել են։ Արձանագրվել է, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը, ինչպես նաև դրանց համար պատասխանատվության բացակայությունը, լայնորեն տարածված են մնացել։

Նշվել է նաև, որ կանայք և ԼԳԲՏ անձինք շարունակել են ենթարկվել խտրականության, սեռական բռնության և ոտնձգությունների։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մեդիա դաշտին՝ նշելով, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունները իշխանություններին հնարավորություն են տվել սահմանափակել անկախ լրատվամիջոցների գործունեությունը և արգելափակել կայքեր։ Մասնավորապես հիշատակվել է BBC-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» գործակալության գործունեության դադարեցումը։

Նշվել է, որ մոտ 30 լրագրող գտնվում է կալանքի տակ, իսկ բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների արգելվել է լքել երկիրը։

Փաստաթղթում քննադատվել են նաև բանտերում պահման պայմանները՝ նշելով, որ կալանավորները երկար ժամանակ պահվում են մենախցերում, ենթարկվում սպառնալիքների և զրկված են բժշկական օգնությունից։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։