Եվրամիությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացման ռազմավարության շրջանակում։ Այդ մասին հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ:
«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան հիմնավոր է Եվրահանձնաժողովի Սևծովյան ռազմավարությունը։ Կապն այս ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Սրա շրջանակում մենք ավելի լավ ենք կապում Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Նա ընդգծել է, որ առևտուրն ու էներգետիկան դիտարկվել են որպես համագործակցության առանցքային ոլորտներ։
«Հյուսիսում առևտրային ճանապարհները փակ են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավային ճանապարհները կասեցվել են Իրանի հետ պատերազմի պատճառով»,- նշել է Կոսը։
Նրա խոսքով՝ արտգործնախարարների հանդիպումից հետո քննարկվել են նաև ԵՄ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։





