ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը, հայտարարել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
Նա նշել է, որ նման սցենարի պարագայում Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը կարող է լինել զգալի՝ ներառյալ ՀՆԱ-ի կրճատում և սոցիալ-տնտեսական այլ հետևանքներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ընդհանուր առմամբ, Եվրամիությանը միանալը, նույնիսկ ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, Հայաստանի համար կարժենա մոտավորապես ՀՆԱ-ի 23%-ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10․5 տոկոսային կետով) և գնաճը (22․6 տոկոսային կետով) կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։
Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով ներկայիս մակարդակից։ Սպասվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի, գների հետագա աճ», – ասել է Շևցովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության համատեղելիության հարցին, ասել է, որ վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը: Նա նշել է, որ իրավական առումով հնարավոր չէ միաժամանակ անդամակցել երկու միություններին՝ հավելելով, որ Հայաստանը չի շտապում ընտրություն կատարել:Նա հավելել է, որ քանի դեռ Եվրոպական միության հետ մերձեցման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ:





