«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում անդրադարձ կա TRIPP ներդրումային նախագծի աշխատանքների մեկնարկին, որով առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելով:
«Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը, և, իմիջիայլոց, այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու»,-ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ 2026-ին արդենգետնի վրա կսկսեն աշխատանքները, հայտնում է 1lurer.am-ը:
Վարչապետը հույս է հայտնել, որ դրա շնորհիվ կապահովեն աշխատատեղեր ՀՀ քաղաքացիների միջոցով, և «ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել»:
Խոսելով երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման մասին՝ Փաշինյանն ասել է, որ Գյումրիից մինչև Թուրքիայի սահման և Երասխից մինչև Նախիջևանի սահման ուղղությամբ աշխատանքները նախատեսվում է իրականացնել սեղմ ժամկետներում՝ մոտավորապես մեկից մեկուկես տարվա ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





