Եթե մինչև մայիսի 20-ը ՀԷՑ-ի բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը, ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԾԿՀ–ում նիստից հետո:
Նրա խոսքով՝ ներկայում գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման քայլերից՝ հնարավորություն տալով կողմերին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության, հայտնում է Sputnik Արմենիան:
«Այս փուլում փորձ է արվում բանակցությունների միջոցով ապահովել, որպեսզի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետությանը՝ փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն եթե այդ ժամկետում արդյունք չլինի, գործընթացը կմտնի պարտադիր պետականացման փուլ։ Պետականացման հաջորդ փուլում նախատեսվում է անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքի գնահատում, որին կավելացվի օրենքով սահմանված 15 տոկոս փոխհատուցումը»,– ասել է նա։
Այնուհետև, ինչպես նշել է Պետրոսյանը, բաժնետոմսերը կանցնեն պետությանը, և համապատասխան մարմինը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման նոր լիցենզիա ստանալու նպատակով։ Նա նաև ընդգծել է, որ իր լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ընկերությունը ստանա նոր լիցենզիա և գործընթացն ամբողջությամբ ավարտվի։
Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացմանը։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Միաժամանակ հանձնաժողովը կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ։
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և զգալի ներդրումներ է կատարել ընկերության արդիականացման ուղղությամբ։





