Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։
«Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել է նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյա օպերայի շենքի դիմաց հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով, սակայն դիմումը մերժվել է, հայտնում է Արմենպրեսն Agos-ի վրա հղումով:
Հարթակի հայտարարության մեջ նշվել է, որ վերջին տարիներին նման դիմումները շարունակաբար մերժվել են, մինչդեռ համավարակից առաջ հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։
Կազմակերպիչները հայտարարել են, որ նման միջոցառումների անցկացումը հանդիսանում է ժողովրդավարական հիմնարար իրավունք և կոչ են արել վերանայել կայացված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ այդ հավաքները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության պահպանմանը և անցյալի հետ առերեսմանը։





