AM
22 Ապրիլ 2026 - 11:08 AMT

Ուիթքոֆ. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան 6 շաբաթում

Հայաստանն ու Ադրբեջանը «համաձայնության եկան 6 շաբաթում», հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Մայամիի համալսարանում անցկացված Real Estate Impact ամենամյա համաժողովում:

«Մենք այդ համաձայնությունը կնքել ենք վեց շաբաթում։ Նրանք 37 տարի պատերազմել են, իսկ հիմա լավագույն ընկերներ են։ Ի դեպ, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Ալիևը այժմ լավ ընկերներ են՝ նրանց մերձեցրել է նախագահ Թրամփը։ Սա բավականին ուշագրավ է», — նշել է Ուիթքոֆը, հայտնում է Minval.az-ը:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։