AM
22 Ապրիլ 2026 - 12:45 AMT

Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները նպաստում են իրավիճակի կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ գործընթացի մանրամասները։

Համատեղ ասուլիսում նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հանդիպումները նպաստում են իրավիճակի կարգավորմանը, հայտնում է APA-ն:

Ալիևը նշել է, որ, իր գնահատմամբ, երկու երկրների միջև արդեն փաստացի խաղաղություն է հաստատվել։ Նա հիշեցրել է, որ 2025-ի օգոստոսին երկու երկրների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տուն, որտեղ ստորագրվել է համատեղ հռչակագիր, որը նախաստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։

Ալիևը նաև ասել է, որ «առևտրային հարաբերություններ են սկսվել ՀՀ հետ, մասնավորապես, Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է արտահանվում»:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։