Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է հայերի պահանջատիրության հիմքում, ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ուղերձում:
«Մերժում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ թե դիվանագիտական, թե տնտեսական որևէ հարաբերություն, որը կլինի ի հեճուկս մեր ազգային գերագույն իրավունքների։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, Արցախի ժողովրդի վերադարձը և ինքնավարության վերահաստատումը միջազգային երաշխիքով, կրոնական և պատմական կոթողների պաշտպանությունն ու Բաքվում հայ բանտարկյալների ազատ արձակումն Ադրբեջանի կողմից, մնում են մեր պահանջատիրության հիմքերում»,– ասել է Արամ Առաջինը
Նա հավելել է, որ Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի:
«Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ Մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորում չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները։ Մենք պետք է հիշենք հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը։
Չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության»,-ասել է Արամ Առաջինը:





