AM
24 Ապրիլ 2026 - 07:24 AMT

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեդիայի խորհրդարանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Այդ մասին հայտնել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանը, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, հայտնում է Արմենպրեսը:

«Խորհրդարանում մենք հիշատակեցինք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ցեղասպանության ընթացքում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ, ինչպես նաև կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ՝ ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և պոնտացի հույներ: Նրանց մեծ մասը մահացել է 1915-1916 թվականներին, սակայն հալածանքներն ու սպանությունները շարունակվել են մինչև 1923 թվականը: Զոհերը կազմել են տարածքի հայ բնակչության կեսից ավելին, իսկ փրկվածների մեծ մասը փախել է երկրից: Օսմանյան կայսրությունը մեծ մասամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից»,-գրել է շվեդ պատգամավորը:

2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։