Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար, ասվում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ուղերձում։
Նա հավելել է, որ «ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը», հայտնում է Արմենպրեսը:
«Սիրելի հաւատացյալ ժողովուրդ, Այսօր դարձյալ ապրիլի 24-ն է: Այս օրը մեզ մեկ դար հետ է վերադարձնում մեր ապրած ողբերգության հիշատակին, որը խոր հետք է թողել մեր ազգային և հոգևոր կյանքում:
․․․Բայց այս հիշատակումը միայն անցյալի մռայլ էջերի մեջ փակվելու համար չէ։ Այս հիշատակումը նաև կոչ է՝ իմաստավորելու մեր ապրածը և ուղղուելու դեպի ապագա։
Աշխարհագրությունը հիշեցնում է նեզ նաև անխուսափելի մի ճշմարտություն՝ որ ժողովուրդները դատապարտված չեն հավերժ հակադրության, այլ կոչված են համակեցության, երկխոսության և փոխադարձ ըմբռնման։ Պետք է ընդունենք, թէ այս հողերի տակ թաղված են ոչ միայն մեր ցավերը, այլ նաև ուրիշների վերքերը։ Պարտավոր ենք նաև լսել ուրիշներին, ըմբռնել նրանց ապրումները և փորձել գտնել այն ընդհանուր եզրերը, որոնք կարող են հիմք ծառայել ապագայի համար։
Այս իմաստով, մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ Հայ և Թուրք ժողովրդներու միջև խաղաղութեան, հաշտության և բարեկամության հաստատման համար»,-ասվում է ուղերձում:
Նշվում է նաև, որ քաղաքական շահարկումները չեն ծառայում ժողովրդների մերձեցմանը։
«Հրավիրում ենք բոլոր կողմերին զարգացնելու բարեկամական կամուրջներ, խրախուսելու մշակութային և տնտեսական համագործակցությունը, և ստեղծելու այնպիսի մթնոլորտ, ուր պատմությունը կարելի կլինի քննարկել առանց վախի և թշնամանքի, այլ՝ ճշմարտության և արդարության ձգտումով։ Մենք գնահատում ենք այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են փոխադարձ զգայնության և մերձեցման։
Արժանի է հիշատակության նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ամեն տարի 24 Ապրիլի առիթով հրապարակված պատգամները, որոնք ուղղված են նաև Պոլսոյ Հայոց պատրիարքությանն ու մեր համայնքին։ Արտահայտված ցավակցական մոտեցումը և առաջին Համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից զրկված մեր ժողովրդի զավակների հիշատակին նկատմամբ հարգանքը, ըստ մեզի, կարևոր քայլեր են՝ փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ձևաւորման ճանապարհին»,-ասվում է ուղերձում:
Մաշալյանը հավելել է, որ մեր սրբադասված նահատակները հորդորում են «չմնալ անցյալի խավարին մեջ, այլ՝ ապրել հույսով և կառուցել ապագան»։





