Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ անպաշտպան մարդկանց հանդեպ հաշվեհարդարի հետևանքները վկայում են, թե ինչի կարող են հանգեցնել «կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգյանամլությունն ու այլատյացությունը»:
Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է «միավորի ջանքերը` թույլ չտալու հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք սպանվել, վիրավորվել, վտարվել են հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը», – ասվում է ուղերձում:
Նշվել է, որ այդ ժամանակաշրջանի հալածանքներն ու բռնությունները դարձել են չսպիացող վերք հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած ողբերգությունը նաև համախմբել է մարդկանց՝ դրսևորելով նրանց տոկունությունն ու իմաստությունը։
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ՝ դեռևս 1915 թվականի մայիսին դրսևորվելով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, իսկ հետագայում՝ 1995 թվականի ապրիլի 14-ին Պետդումայի ընդունած հայտարարությունում։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները շարունակելու են պահպանել իրենց ազգային ինքնությունը, մշակույթը, լեզուն և հոգևոր արժեքները՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։
«Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է 23 երկիր, որոնցից առաջինը Ուրուգվայն էր 1965-ին, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և մի շարք այլ կազմակերպություններ:





