AM
24 Ապրիլ 2026 - 11:25 AMT

Էրդողանը կրկին խոսել է «Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված հայերի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ հղած ուղերձում կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել, հայտնում է «Ազատությունը»:

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը», – գրել է Թուրքիայի նախագահը:

Նա չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները», – նշել է նա։

Պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել և չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը։