Թբիլիսիում հայերին չեն թույլատրել ապրիլի 24-ին ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը նշել է, որ իրենք ժամանակին դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և ՆԳՆ, սակայն մերժում են ստացել հենց տվյալ վայրում միջոցառումը անցկացնելու հարցում, հայտնում է «Էխո Կավկազան»:
Բաղդասարյանը ներկայացրել է, որ մերժման մեջ նշվել է՝ օրենքի համաձայն անհրաժեշտ է ապահովել հավասարակշռություն հավաքների ազատության և հասարակական անվտանգության, ինչպես նաև այլ անձանց իրավունքների միջև, և տվյալ վայրում ակցիան կարող է խախտել այդ պահանջները, ինչի պատճառով առաջարկվել է փոխել վայրը կամ ժամանակը։
Սակայն համայնքը մերժել է այդ տարբերակը՝ ընդգծելով, որ իրենց համար կարևոր է ակցիան անցկացնել հենց Թուրքիայի դեսպանատան մոտ։
«Հայկական համայնքը հրաժարվում է այլ վայրում միջոցառում անցկացնելուց, մենք չենք դիտարկում որևէ այլ հասցե, բացի Թուրքիայի դեսպանատան տարածքից։ Հետևաբար որևէ միջոցառում չենք նախատեսում»,-ասել է Բաղդասարյանը։
Համայնքը նաև նշել է, որ նման մոտեցումը չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին և կարող է խաթարել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Նրանք ընդգծել են, որ հասարակության բոլոր խմբերը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները, պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց դիրքորոշումները։
Նշվել է նաև, որ նախատեսվող ակցիայի նպատակը եղել է խաղաղ ձևով հիշատակի պահպանումը, զոհերի հարգումը և Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը։
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն թույլատրել է համայնքի մեկ այլ նախաձեռնություն՝ երթ Իսանի մետրոյի կայարանից դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։
Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:





