AM
25 Ապրիլ 2026 - 06:16 AMT

Թրամփը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ խոսելով «Մեծ Եղեռնի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», – նշված է Թրամփի ուղերձում, հայտնում է «Ազատությունը»:

Դոնալդ Թրամփը նույն ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ կապերին և իր նախաձեռնած Խաղաղության խորհրդին:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը: Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով և խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար»,-ասվում է ուղերձում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջը Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գնահատմամբ՝ Թրամփը կրկին ենթարկվել է թուրքական ճնշումներին՝ «շարունակելով, արդեն վեցերորդ անգամ, գործադրել Անկարայի լռեցման քաղաքականությունը Ամերիկայի կողմից այդ ոճրի ազնիվ հիշատակման դեմ՝ չնայած Սպիտակ տան, Կոնգրեսի, բոլոր հիսուն նահանգների և տասնյակից ավելի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ճանաչմանը»:

Համբարյանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի «մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների քողարկմանը միախառնված է հայերին իրենց պատմական հայրենիքից վերացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը զինելու և թույլատրելու՝ իր վարչակազմի անխոհեմ քաղաքականությանը»:

«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, հայկական տարածքների շարունակվող օկուպացիայի, հայ բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի և հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման ֆոնին, Միացյալ Նահանգները պարտավոր է ոչ միայն ճշմարտությունը ասել 1915 թվականի ցեղասպանության մասին, այլև դադարեցնել իր մեղսակցությունը այդ ցեղասպանությունն ավարտին հասցնելու պանթուրքիստական փորձերին», – հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը։

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի երկու պալատների մակարդակներով արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահության ընթացքում ևս օգտագործել է «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) արտահայտությունը, որը նախ կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին։