AM
25 Ապրիլ 2026 - 06:35 AMT

Քարդաշյան. Իմ հայկական ինքնությունը զգալիորեն ազդել է աշխարհի իմ ընկալման վրա

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1․5 միլիոն հայերի հիշատակը:

«Իմ հայկական ինքնությունը զգալիորեն ազդել է աշխարհի իմ ընկալման վրա»,-գրել է նա Instagram-ի իր էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել 2015-ին ընտանիքի հետ Հայաստան կատարած այցից:

Քարդաշյանը հավելել է, որ հայկական ինքնությունը շարունակում է լինել իր էության և դաստիարակության կարևոր մասը։

«Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենանշանակալի փորձառություններից մեկն էր և խորացրեց իմ կապը արմատներիս հետ, որը զգում եմ ամեն օր: Այսօր ես աղոթում եմ հայերի և աշխարհի բոլոր տառապող մարդկանց համար, որ նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը անտեսված չմնա», – ասվում է գրառման մեջ:

Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: