AM
25 Ապրիլ 2026 - 08:11 AMT

Նյու Յորքի քաղաքապետ. Ադրբեջանը 2023-ին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը

Ադրբեջանը 2023-ին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ X սոցիալական հարթակում արված գրառմամբ:

«Հարգանքի տուրք մատուցելով 1․5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի:

2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100,000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել է ավելի քան 100 տարի առաջ:

Հիշատակի այս օրը մենք հաստատում ենք հայ ժողովրդի, և բոլոր ժողովրդների, ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,– գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։