AM
25 Ապրիլ 2026 - 08:53 AMT

ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը և հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Մոնթեբելո քաղաքում անցկացված ամենամյա միջոցառմանը և ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում՝ Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի կողմից, հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան ափի թեմակալ առաջնորդները, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության առաջնորդները։ Ներկա են եղել նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներ, Լոս Անջելես շրջանի, Մոնթեբելոյի և Գլենդելի քաղաքային իշխանությունների, ինչպես նաև համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն:

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի երկու պալատների մակարդակներով արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահության ընթացքում ևս օգտագործել է «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) արտահայտությունը, որը նախ կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին։