Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում աճել է 7.1 տոկոսով՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։
Մարտ ամսին ցուցանիշն աճել է 11.6 տոկոսով՝ փետրվարի համեմատ, իսկ 6.6 տոկոսով՝ 2025 թվականի մարտի համեմատ։ Նշվել է, որ տվյալների վերանայումը պայմանավորված է տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցով, որի արդյունքում տնտեսական գործունեության տեսակների կշիռները ենթարկվել են փոփոխությունների՝ հիմնված 2024 թվականի հաշվետու և 2025 թվականի վերանայված տվյալների վրա, հայտնում է Արմենպրեսը:
Վերլուծվող ժամանակահատվածում ամենամեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 22 տոկոս։ Շինարարության ծավալը կազմել է 95 մլրդ 640.1 մլն դրամ։ Մարտին մեկամսյա աճը կազմել է 34.4 տոկոս, իսկ տարեկան աճը՝ 24 տոկոս։ Միայն մարտին իրականացվել է 41 մլրդ 686.4 մլն դրամի շինարարական աշխատանք։
Արդյունաբերության ոլորտում հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 13.4 տոկոս աճ՝ կազմելով 748 մլրդ 800 հազար դրամ։ Մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 2 տոկոս անկում, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 7 տոկոս աճ։ Մարտ ամսվա արտադրության ծավալը կազմել է 256 մլրդ 521.4 մլն դրամ։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նույն ժամանակահատվածում նվազել է 5.2 տոկոսով՝ կազմելով 96 մլրդ 359.6 մլն դրամ։
Առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակում աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով 1 տրլն 442 մլրդ 794.1 մլն դրամի։ Մարտին մեկամսյա աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ տարեկան աճը՝ 0.2 տոկոս։ Մարտ ամսվա առևտրի ծավալը կազմել է 550 մլրդ 547 մլն դրամ։
Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) արձանագրվել է 7.4 տոկոս աճ՝ կազմելով 981 մլրդ 729.1 մլն դրամ։ Մարտին աճը կազմել է 12.6 տոկոս՝ փետրվարի համեմատ և 7.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Ծառայությունների ծավալը մարտին գնահատվել է 351 մլրդ 418.6 մլն դրամ։
Սպառողական գների ինդեքսը հունվար-մարտին աճել է 4.2 տոկոսով։ Մարտին այն բարձրացել է 0.7 տոկոսով՝ փետրվարի համեմատ և 4.5 տոկոսով՝ նախորդ տարվա մարտի համեմատ։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է 9.2 տոկոսով։ Մարտին այն աճել է 0.1 տոկոսով՝ փետրվարի համեմատ և 9.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 664.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մարտին արտադրությունն աճել է 7.1 տոկոսով՝ փետրվարի համեմատ և 9 տոկոսով՝ նախորդ տարվա մարտի համեմատ՝ կազմելով 840.9 մլն կիլովատ/ժամ։
Այս ցուցանիշներում ներառված չեն ինքնավար արտադրողների կողմից էլեկտրաէներգիայի փոխհոսքերի շրջանակում արտադրված ծավալները, և համադրելիության ապահովման նպատակով դրանք չեն ներառվել նաև նախորդ ժամանակաշրջանների տվյալներում։
Հաշվետու ժամանակահատվածի համար միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։





