AM
27 Ապրիլ 2026 - 12:50 AMT

Կովկասի մահմեդականների վարչությունը Ստեփանակերտի ավերված եկեղեցիներն «ապօրինի կառույցներ» է անվանել

Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դատապարտող հայտարարությանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի և Սբ Հակոբ եկեղեցու ավերման վերբերյալ՝ հայկական եկեղեցիներն անվանելով «ապօրինի կառույցներ»:

Մայր Աթոռի հայտարարությունը որակվել է որպես «թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում»: Այդ մասին գրել է 1news.az-ը:

Ըստ Կովկասի մահմեդականների վարչության, «Էջմիածինը հանդես է գալիս Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներով, ինչը հարցը քաղաքականացնելու անհաջող փորձ է»:

Ըստ հայտարարության՝ վերոնշյալ եկեղեցիների քանդումը ոչ մի դեպքում «չի կարող մեկնաբանվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»։

«Վերջին ամիսներին հայրենիք վերադարձող նախկին տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատարաններին՝ պահանջելով քանդել բոլոր այն շինությունները, որոնք գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիայի շրջանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ասվում է նաև, թե «վերականգնվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, իսկ Բաքվում հայկական եկեղեցին եղել է պետական պահպանության տակ ամբողջ հակամարտության ընթացքում»։

«Էջմիածնի փորձերը աղավաղելու Ադրբեջանի այս բազմադարյա իրականությունը նման զգայուն փուլում միայն խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։ Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել անցյալի քաղաքական սադրանքների կիրառման և վերջնական խաղաղության հաստատմանը խոչընդոտելու փորձերը», – ասված է հայտարարությունում։

Վերջին օրերին Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։

Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:

Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: