AM
27 Ապրիլ 2026 - 13:29 AMT

ՀՀ-ն ու Ադրբեջանն աշխարհի «բարձր ռազմական բեռ» ունեցող երկրների 10-յակում են

Ադրբեջանը և Հայաստանը ընդգրկվել են աշխարհի ամենաբարձր «ռազմական բեռ» ունեցող երկրների տասնյակում՝ 2025 թվականի արդյունքներով։ Այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) 2026 թվականի ապրիլին հրապարակված զեկույցում։

Փորձագետների տվյալներով՝ երկու երկրներում էլ ռազմական ծախսերի բաժինը ՀՆԱ-ում զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը 2025 թվականին կազմել է 2.5%։ Համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը՝ 6.5% ցուցանիշով, իսկ Հայաստանը հաջորդ 7-րդ տեղում է՝ 6.1% ցուցանիշով, գրում է Haqqin.az-ը:

SIPRI-ի վերլուծաբանները նշել են, որ Ադրբեջանը նաև հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ տարվա ընթացքում արձանագրվել է ռազմական բեռի ամենաակնառու աճերից մեկը՝ 1.4 տոկոսային կետով։

Գլոբալ համատեքստում ընդգծվում է, որ Հարավային Կովկասում տնտեսության ռազմականացման այնպիսի մակարդակ է, որը համադրելի է ակտիվ հակամարտությունների գոտիների և ավանդաբար բարձր պաշտպանական բյուջե ունեցող տարածաշրջանների հետ։ Համեմատության համար ներկայացվել է 2025 թվականի առաջին հնգյակը՝ Ուկրաինա՝ 40%, Ալժիր՝ 8.8%, Իսրայել՝ 7.8%, Ռուսաստան՝ 7.5%, Սաուդյան Արաբիա՝ 6.5%։

Փորձագետները տարածաշրջանում պաշտպանական ծախսերի աճը կապել են զինված ուժերի շարունակական արդիականացման և ընդհանուր աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում ազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտության հետ։

Աշխարհում ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են 2.887 տրիլիոն դոլարի, ինչպես նշվել է SIPRI-ի զեկույցում։ Ընդհանուր ծախսերի ավելի քան կեսը բաժին է հասել երեք երկրներին՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին։

Ռազմական ծախսերը շարունակել են աճել արդեն 11-րդ տարին անընդմեջ՝ հասնելով մոտ 2.88 տրիլիոն դոլարի։ Միաժամանակ, ռազմական ծախսերի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում հասել է 2.5 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր։