AM
28 Ապրիլ 2026 - 08:05 AMT

ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանում պետական «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց խանութներում։

Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը հայտնել է, որ խոսքը շրջանառության մեջ առկա 338,000 շշի մասին է, որոնք այժմ արգելափակվել են մինչև ստուգման ավարտը, հայտնում է ՌԲԿ-ն:

Շրջանառության դադարեցման հիմք է դարձել «Ռոսպոտրեբնադզորի» ուղարկած նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխարգելման նպատակով անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության» մասին։ Արգելափակման պատճառ են անվանվել «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության արտադրանքը։ Յուսուպովի խոսքով՝ «մինչև ստուգման ավարտն այն չի հասնի սպառողներին»։

2024-ին ՌԴ Մակնշման համակարգը ևս դադարեցրել էր «Ջերմուկ» ջրի վաճառքՀյուսիսային Օսիայում բնակչի թունավորումից հետո՝ 2․5 միլիոն շշի չափով։ Այդ ժամանակ շշերից մեկում հանքային ջրի փոխարեն հայտնաբերվել է քացախաթթու, սակայն արտադրողը հայտնել էր, որ արտադրության մեջ այն ընդհանրապես չի կիրառվում: