AM
28 Ապրիլ 2026 - 09:12 AMT

Սահակյան․ Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

Շինծու մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցածի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Այդ տեղեկությունը հաստատել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ նրա հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, հայտնում է Aysor.am-ը:

«Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»,-ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ նման մոտեցում կիրառվել է նաև նախկինում դատապարտված հայերի դեպքում։

«Օրինակ, 2020 թվականից գերեվարվածներն այս պահին ևս գտնվում են Ումբակի քրեակատարողական հաստատությունում։ Ըստ էության, ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխում է եղել Արդարադատության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն»,-ասել է Սահակյանը:

Սահակյանի խոսքով` որևէ տեղեկություն չունեն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում»,– նշել է Սահակյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։