AM
28 Ապրիլ 2026 - 10:13 AMT

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկի» իրացման արգելքի վերաբերյալ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի համապատասխան կառույցներից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկի» իրացման արգելքի վերաբերյալ:

Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

«Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզորի», գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը հայտնել է, որ խոսքը շրջանառության մեջ առկա 338,000 շշի մասին է, որոնք այժմ արգելափակվել են մինչև ստուգման ավարտը:

2024-ին ՌԴ Մակնշման համակարգը ևս դադարեցրել էր «Ջերմուկ» ջրի վաճառքՀյուսիսային Օսիայում բնակչի թունավորումից հետո՝ 2․5 միլիոն շշի չափով։ Այդ ժամանակ շշերից մեկում հանքային ջրի փոխարեն հայտնաբերվել է քացախաթթու, սակայն արտադրողը հայտնել էր, որ արտադրության մեջ այն ընդհանրապես չի կիրառվում: