AM
28 Ապրիլ 2026 - 13:12 AMT

Նախարարություն․ Լարսում կուտակումներ են՝ հեղուկ գազով բեռնատարների մուտքը ՀՀ ուշացել է

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։

Անդրադառնալով երկրում հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցին՝ նախարարությունը նշել է, որ «խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ»:

Նշվում է, որ պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Անդրադառնալով գների բարձրացման ռի՞սկին՝ նախարարությունը հայտարարել է, որ գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։

«Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները»,-ասվում է պարզաբանման մեջ:

Քաղաքացիներին հորդորում են չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։

«Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասվում է պարզաբանման մեջ: