ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետևում է բենզինի և դիզելային վառելիքի շուկաների զարգացումներին։ Այդ մասին ասել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա նշել է, որ բենզինի և դիզվառելիքի գնաճն ունի տնտեսական հիմք:
Նա պարզաբանել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի և դիզելային վառելիքի գները, մինչդեռ հեղուկ գազի շուկան չի դիտարկվում, քանի որ այն գնահատվում է որպես մրցակցային՝ ավելի քան 180 մասնակիցներով, որոնցից խոշորագույնի մասնաբաժինը չի գերազանցում 9 տոկոսը։
Ինչ վերաբերում է բենզինին, ապրիլին գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գների աճը, ինչը հաստատվել է։
«Հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է կատարել և համոզվել, որ ընկերությունները գնի բարձրացման հարցում ունեն տնտեսական հիմք։ Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, դա կարճաժամկետ գործընթաց չէ, տևում է մոտ մեկ ամիս, և մենք հետևում ենք շուկայի զարգացումներին», – ասել է Սմբատյանը։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ հեղուկ գազի շուկայում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են լոգիստիկ խնդիրներով և կոչ է արել քաղաքացիներին խուսափել խուճապային գնումներից՝ առաջնորդվելով պաշտոնական տեղեկատվությամբ։





