AM
29 Ապրիլ 2026 - 13:07 AMT

Փաշինյան․ Ջրային խնդիրների լուծումն առաջիկա 5 տարիներին լինելու է մեր առաջնահերթություններից

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա, հայտնում է Արմենպրեսը:

«Առաջիկա 5 տարիներին ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե մենք ինչքան ենք կարևորում ջրի հարցերը, ես ասում եմ՝ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնահերթ հարցերից մեկը լինելու է ջուրը։

Ինձ համար ամենացավալի արձանագրումն այն է, որ մենք հանրապետությունում մենք չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա։ Լավ լուրն այն է, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց մենք պետք է կարողանանք հավաքել այդ ռեսուրսները և ճիշտ կառավարենք։ Ասեմ նաև, որ մենք պետք է փոխենք նաև դաշտեր, այգիներ ջրելու ձևերը։ Այդտեղ էլ ջուրը խնայող տեխնոլոգիաներ կան։ Եվ մենք այդ բոլոր հարցերով կանգնելու ենք մեր գյուղացիների և ֆերմերների կողքին»,- ասել է վարչապետը։

Նա մանրամասնել է, որ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակով, ինչը իր հերթին հանգեցրել է խմելու ջրի պակասի։

«Բոլոր տեղերում պետք է լինի և խմելու, և ոռոգման ջուր, որովհետև եթե երկուսն էլ չկա, խնդիրը լուծված չի։ Եթե խմելու ջուր կա, բայց ոռոգման ջուր չկա, խմելու ջրով մարդիկ ոռոգում են անելու, իսկ այդ դեպքում խմելու ջուրը չի հերիքելու։ Շատ պարզ տրամաբանություն է»,- ընդգծել է վարչապետը։