AM
29 Ապրիլ 2026 - 13:48 AMT

Կիպրոսն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը

Կիպրոսը լիովին աջակցում է Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Մարիլենա Ռաունան Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը նվիրված քննարկման ժամանակ:

«Համագործակցությունը հիմնված է մեր ընդհանուր արժեքների և կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի, ինչպես նաև կայուն Հարավային Կովկասի տեսլականի վրա», – ասել է նա, հայտնում է Արմենպրեսը CyprusMail-ի վրա հղումով:

Ռաունան ընդգծել է, որ ժողովրդավարական դիմադրողականությունը ԵՄ-ի հիմնական պարտավորությունն է՝ թե՛ անդամ պետությունների, թե՛ հարևանների նկատմամբ։

Նա նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են գրանցել վերջին երկու տարիների ընթացքում՝ Եվրոպական խորհրդի կոչից հետո ամրապնդելով կապերը բոլոր ոլորտներում և հիմք դնելով նոր համագործակցության։

«Հաջորդ շաբաթ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը կկայանա Երևանում», – ասել է Ռաունան՝ շեշտելով, որ գագաթնաժողովը ուժեղ ուղերձ է Հայաստանի՝ որպես ԵՄ տարածաշրջանային գործընկերոջ կարևորության վերաբերյալ։

Նա նաև հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակում Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռաունան ընդգծել է ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգի կարևորությունը՝ նշելով, որ այն համագործակցության հստակ ճանապարհային քարտեզ է։

Նա նաև կարևորել է «Դիմադրողականություն և աճ» ծրագրի միջոցով ԵՄ-ի կողմից կատարված շուրջ 270 միլիոն եվրոյի ներդրումները, որոնք նպաստել են Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը արտաքին ճնշումների նկատմամբ։

Զգուշացնելով ապատեղեկատվական արշավների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարման մասին՝ Ռաունան նշել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ որոշիչ պահ երկրի համար։

«Շարունակաբար բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում գործընկերության ամրապնդումը նույն արժեքները կիսող երկրների հետ մնում է հիմնական առաջնահերթություն»,- ասել է Ռաունան։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։