AM
29 Ապրիլ 2026 - 13:55 AMT

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակն ընդլայնվում է

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակն ընդլայնվում է: Կառավարությունը ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծով սահմանվում է, որ էլեկտրոնային ՀԴՄ-ները հնարավոր կլինի կիրառել սովորական ՀԴՄ-ների փոխարեն։ Արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվում նույն գործառույթներն իրականացնել առավել հեշտ և ժամանակակից եղանակով, հայտնում է ՊԵԿ-ը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է միասնականացնել սարք ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել այս երկու գործիքների դեպքում։

Նախատեսվում է, որ կառավարությունը կսահմանի գործունեության այն ոլորտները, դեպքերն ու ժամկետները, երբ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման կանոններն, այդ թվում՝ հարկ վճարողի անունից դրանք կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը։

Ներկայում գործող կարգավորմամբ էլեկտրոնային ՀԴՄ-ն կարող է կիրառվել ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների դեպքում՝ ապրանքների վաճառք, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներ։

Էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների (այդ թվում՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով) իրականացման դեպքում։ Էլեկտրոնային ՀԴՄ պարտադիր կիրառվում է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ժամանակ՝ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում։