AM
29 Ապրիլ 2026 - 14:36 AMT

Բեռնատարների վարորդները կկարողանան ՌԴ–ում գտնվել տարեկան մինչև 180 օր

Ռուսաստանն ավելացրել է բեռնատարների վարորդների ժամանակավոր կացության ժամկետը, նրանք կկարողանան ՌԴ–ում գտնվել տարեկան մինչև 180 օր։ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական լուրերի պաշտոնական կայքում։

«Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային ճանապարհային տրանսպորտով զբաղվող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում ավելացնել մինչև 180 օր», – նշվում է որոշման մեջ, գրում է Sputnik Արմենիան:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 30-ից:

Ավելի վաղ Ռուսաստանում սահմանվել էին միգրացիոն նոր կանոններ, ըստ որոնց՝ ՌԴ-ի հետ վիզայի ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիներին թույլատրվում էր օրացուցային տարվա ընթացքում երկրում գտնվել մինչև 90 օր:

Հայաստանում բեռնատարների վարորդները պարբերաբար պահանջում էին համագործակցել ռուսական կողմի հետ և փոխել այդ որոշումը, քանի որ 90 օրը չափազանց կարճ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ Վերին Լարսի անցակետը տարվա ընթացքում շուրջ 60 օր փակ է լինում եղանակային վատ պայմանների պատճառով: