AM
30 Ապրիլ 2026 - 08:04 AMT

ՊԵԿ-ը բացահայտել է 72․6 մլն ռուբլու ներկրման դեպք

ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ միջոցների նկատմամբ իրականացվող խստացված վերահսկողության պայմաններում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ԱԱԾ աշխատակիցները համատեղ գործողությունների արդյունքում ստացել են հերթական օպերատիվ տեղեկությունները։ Դրանց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, որը իր հետ կանխիկ եղանակով տեղափոխել է առանձնապես խոշոր գումարներ։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ ստացված տվյալներն իրացնելու նպատակով անհապաղ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում, օրեր առաջ Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․Թ․-ն, որի մոտ առկա է եղել 65 մլն ռուսական ռուբլի կանխիկ գումար, որը համարժեք է մոտ 321 մլն ՀՀ դրամի։

Հանցանքի կատարման հիմնավոր կասկածի հիմքով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխել համապատասխան վարչություն։

Դեպքի առթիվ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ներկայացվել է նաև ձերբակալված անձը։

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

«Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7․6 մլն ռուսական ռուբլի, որը մոտ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։

Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորել է արտերկրից դրամական միջոցները փոխանցել օրինական ֆինանսական կառույցների միջոցով՝ խուսափելով դրանք կանխիկ ձևով ու շրջանցիկ ուղիներով Հայաստան տեղափոխելուց։