AM
30 Ապրիլ 2026 - 09:52 AMT

Ալեքսանյանը գոմեշի միս կներկրի Հնդկաստանից՝ ընկերությանը արտոնություն կտրվի

Խոշոր գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն արտոնություն կստանա` կառավարությունը հավանություն է տվել որոշմանը: Նա նախատեսում է մսամթերք ներմուծել՝ իրականացնելով 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ալեքսանյանը ծրագրել է Հնդկաստանից ներմուծել 350 հազար կիլոգրամ գոմեշի միս, ինչպես նաև Իտալիայից՝ 900 հազար կգ խոզի ճարպ և Չինաստանից՝ 300 հազար կգ հավի կրծքամիս, որը արտադրվել է ԱՄՆ-ում։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը նա օգտագործելու է իրեն պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրության մեջ, հայտնում է Factor.am-ը:

Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներմուծվող մսամթերքը մաքսատուրքից ազատելու խնդրանքով, որի չափը կազմել է մոտ 270 մլն դրամ։ «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսների, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։

Նշվում է, որ ընկերության արտադրանքը արդեն իսկ մրցակցային առավելություն ունի շուկայում՝ համեմատ մյուս արտադրողների հետ։ «Միթ Ֆուդի» արտադրանքը վաճառվում է նաև Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ հաճախորդներին հիմնականում առաջարկվում է հենց այդ արտադրանքը։

Գործարարը կառավարությանը հայտնել է, որ մոտ 1․6 մլրդ դրամի ներդրումից հետո նախատեսել է աշխատակիցների թիվը 135-ից հասցնել 155-ի, իսկ միջին աշխատավարձը բարձրացնել 264 հազարից մինչև 315 հազար դրամ։

«Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին նախկինում անխնա քննադատում էր՝ նրան վերագրելով ընտրակեղծարարություն և կառուպցիա, Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առջև չկանգնեց։ Նա 2018-ին միայն կատարեց ՀՀԿ-ի օրոք չկատարած հարկային պարտավորությունները։ Այժմ նա Փաշինյանի տնտեսական ծրագրերի առանցքային մասնակիցներից է»,-ասվում է հրապարակման մեջ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սամվել Ալեքսանյանը ներկա է եղել Աղվերանում անցկացված հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպմանը։ Նրա հետ փոխկապակցված «Շիշա ուորդ» ընկերությունը եղել է առաջիններից, որը Ադրբեջանից բենզին է ներմուծել և վաճառել Հայաստանում։ Ընկերությունը փաստաթղթերով պատկանում է Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն։