AM
30 Ապրիլ 2026 - 10:04 AMT

ՀՀ-ն մտադիր է պահածոներ ու պղինձ արտահանել Ինդոնեզիա․ Վավերացվել է ԵԱՏՄ շրջանակում ազատ առևտրի համաձայնագիրը

Գործադիրը հավանություն է տվել «ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2025-ի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։ Համաձայնագիրը նպատակ է ունի ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքաշրջանառությունը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները, խթանել տնտեսական համագործակցությունը և ընդլայնել առևտրային կապերը։

Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50% -ով) և այլն։

Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0%), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%) և այլն։

Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը: