Մայիսի 2–ին Հայաստան այնքան հեղուկ գազ կմտնի, որ գներն էականորեն կնվազեն, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Ապրիլի 28-ին արդեն իսկ եկել է մի քանի մեքենա, երեկ ավելի շատ մեքենա է եկել, այսօր սպասվում են տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն Հայաստան»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ հեղուկ գազի պակասը պայմանավորված է եղել երկու հիմնական գործոններով՝ Իրանի հետ կապված իրավիճակով և Վերին Լարսի անցակետի խնդիրներով։ Նշվել է, որ Լարսն արդեն բացվել է։
Անդրադառնալով հարցին, թե ինչու չի իրականացվել նախկինում հայտարարված ծրագիրը՝ Ադրբեջանով երկաթուղային ճանապարհով գազ ներկրելու վերաբերյալ, նախարարը պարզաբանել է, որ ՀԿԵ-ն հսկայական ներդրումներ պետք է անի:
«Հարավկովկասյան երկաթուղին» հսկայական ներդրումներ պետք է աներ ու անում է, որպեսզի երկաթուղով հեղուկ գազը հասնի Հայաստան։ Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով հեղուկ գազ գալ Հայաստան մի բան է, դրանից հետո հսկայական ներդրումներ անել, որ կարողանան հեղուկ գազը բերել` մեկ այլ բան»,-ասել է նա:
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ հեղուկ գազի շուկայում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են լոգիստիկ խնդիրներով և կոչ է արել քաղաքացիներին խուսափել խուճապային գնումներից՝ առաջնորդվելով պաշտոնական տեղեկատվությամբ։





