AM
1 Մայիս 2026 - 09:25 AMT

Հայ դատը, Բելգիայում ՀՀ դեսպանը ողջունել են Եվրախորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի «իշխանությունները ապահովեն ընդդիմության իրավունքների լիարժեք պաշտպանությունը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև ընդգծվել է արդարության ապահովման անհրաժեշտությունը արցախահայության և հայ գերիների համար»։

Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը աջակցելու մասին բանաձևը»։

Հայտարարության մեջ նշվում է՝ քանի որ Հայաստանը պատրաստվում է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք կարևոր խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցել, որ դրանք պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես կարևորել է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման անհրաժեշտության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ արձագանքվել է արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պաշտպանական մեխանիզմների ձևավորման կոչին, հատկապես այն սպառնալիքների, որոնք ուղղվել են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայունության դեմ, հայտնում է «Փաստինֆոն»:

Փաստաթուղթը ընդգրկել է նաև արդարության և անվտանգության այն հիմնարար դրույթները, որոնք կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար․

·Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում․ Եվրոպական Խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական պահումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն նաև ընդգծել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա։

·Արցախահայության իրավունքներ․ Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է իր աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Այն հստակորեն կոչ է արել ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, պահանջվել է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և առաջարկվել է իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նույնպես ողջունել է ընտրական գործընթացների ամբողջականության պահպանման կարևորությունը՝ նշելով․ «Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ վերահաստատելու իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, ներառյալ նրանց վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լույսի ներքո, հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար՝ հիմնվելով արդարության և ժողովրդավարական արժեքների վրա, որոնց վրա հիմնված է այս բանաձևը»։

Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ, հայտնում է Factor.am-ը:

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին նախքան Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,- նշել է Բալայանը։

Բանաձևը դատապարտել է Ադրբեջանում պահվող հայ գերիների պահումը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Բացի այդ, ընդգծվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել ընդլայնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Փաստաթուղթը դրական է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնումը։